Հուլիսի 28-ին «Ընթերցանության հորիզոններ» կոնֆերանսը համախմբել էր «Օգնի՛ր կարդալ» ծրագրում ընդգրկված Լոռու մարզի 10 դպրոցների անձնակազմին, ինչպես նաև ուսուցիչների, ուսուցչի օգնականների, տնօրենների, ՏՄԱԿ-ների աշխատակիցների, ընթերցանության դասավանդմամբ մտահոգված մասնագետների և հյուրերի Հայաստանի տարբեր մարզերի գյուղական և քաղաքային բնակավայրերից։
Կոնֆերանսի ընթացքում ներկայացվեցին «Օգնի՛ր կարդալ» ծրագրի քանակական և որակական արդյունքները։ Պանելային քննարկմանը մասնակցեցին «Հովնանյան ընտանեկան հիմնադրամ»-ի գործադիր տնօրեն Կորյուն Խաչատուրյանը, ԵՄ հայաստանյան պատվիրակության համագործակցության բաժնի ծրագրերի ղեկավար Տաթևիկ Դավթյանը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի կրթական ծրագրերի բաժնի ղեկավար Ալվարդ Պողոսյանը, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրեն Լիլիթ Մնացականյանը, «ՆորԱրար» կրթական ՀԿ-ի տնօրեն Մհեր Դավթյանը, Հաղպատի դպրոցի տնօրեն Հասմիկ Ադամյանը։
Պանելային քննարկման ժամանակ անդրադարձ կատարվեց ընթերցանության և գրագիտության խնդիրներին թե՛ համաշխարհային մակարդակում, թե՛ տեղական մակարդակում, որը դրսևորվում է և՛ ֆորմալ , և՛ ոչ ֆորմալ կրթության համատեքստերում՝ կարճաժամկետ կտրվածքով հանգեցնելով աշակերտների բացակայությունների, ուսումնառության նկատմամբ մոտիվացիայի պակասի, ինքնավստահության խնդրին և այլն։
Սակայն առավել մեծ է գրագիտության խնդրի հետևանքները երկարաժամկետ կտրվածքում, քանի որ գրագետ չլինելու պարագայում երեխաները չեն կարողանում ամբողջությամբ իրացնել իրենց ներուժը և իրենց իրավունքները։ Կարևոր է նշել, որ ուսումնառության հասանելիությունը դեռևս հավասարազոր չէ սովորելուն, և մենք բոլորս պիտի բաց լինենք՝ խոսելու առկա խնդիրների մասին՝ համատեղ գտնելով խնդրի լուծման համակարգային ճանապարհը։ Միայն այս պարագայում կկարողանանք սոսկ ուսումնառության հասանելիությունից անցում կատարել որակական փոփոխության։
Այս առումով հատկանշական են «Հովնանյան ընտանեկան հիմնադրամի» գործադիր տնօրեն Կորյուն Խաչատուրյանի խոսքերը․ «Մենք շատ ուրախ և հպարտ ենք, որ նման ծրագրի՝ « Օգնի՛ր կարդալ» և նման կազմակերպության օգնել ենք։ Տեսնելով, թե ինչ արդյունքների են հասել, տեսնելով նաև թե ինչպես են արդյունքները հաղորդում՝ ուզում եմ իսկապես շնորհավորել ձեզ, որովհետև քիչ կազմակերպություններ կհանդիպեք, որոնք այսքան թափանցիկ, հետևողական ու գրագետ ձևով կարողանում են տեղեկացնել, թե ինչ աշխատանքներ են իրականացնում։ Նաև քիչ կհանդիպեք կազմակերպություններ, որոնք ոչ միայն գեղեցիկ ձևով ներկայացնում են իրենց հաջողությունները, այլ նաև խոսում իրենց մարտահրավերների մասին։
․․․.Մեր այսօրվա ծրագրի մասին. կարծում եմ բոլորս համաձայն կլինենք, որ արժանի է ավելիին, քան ծրագրի, այսինքն՝ այն անցնի ինստիտուցիոնալ մակարդակի, համակարգային փոփոխության, և դրա համար նույնպես շնորհավորում եմ, որ ծրագրային փուլից արդեն անցնում եք ավելի մշտական փուլի»։
Կոնֆերանսի մասնակիցներն ունեցան հնարավորություն՝ կարևորելու ընթերցանության դերը հատկապես վաղ մանկության տարիքի երեխաների մոտ՝ ունկնդրելով ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի կրթական ծրագրերի ղեկավար Ալվարդ Պողոսյանին։ Իսկ համաժամանակյա սեսիաների խոսնակները ներկայացրին ընթերցանության տեսությանն ու պրակտիկային առնչվող հարցեր։ Կոնֆերանսն ամփոփվեց՝ ներկայացնելով «ՆորԱրար» կրթական ՀԿ-ի ծրագրերում հետագայում ընդգրկվելու հնարավորությունները, որի ընթացքում մասնակիցներն ուղղեցին իրենց հուզող հարցերն ու առաջարկությունները։