– Ես 104 բառ եմ կարդում մեկ րոպեում ու 4 սխալ անում։
– Ես 100 բառ եմ կարդում՝ առանց սխալների։
Ընկեր Գաբրիելյանի դասարանն է Լոռու մարզի Լեռնապատի միջնակարգ դպրոցում, որտեղ սահուն ընթերցումը դասարանային մշակույթ է դարձել․ բոլոր աշակերտներն ունեն կրկնվող ընթերցման տվյալների թերթիկ։ Ծանոթ տեքստերի բազմակի ընթերցումից հետո թերթիկի վրա ամեն օր գրում են 1 րոպեում ճիշտ ու սխալ կարդացված բառերի քանակը։ Պարզ մոտեցում, որի շնորհիվ ոչ միայն ուսուցիչը, նաև աշակերտներն են կարողանում տվյալների վրա հիմնված դատողություններ անել իրենց առաջընթացի մասին։
Իսկ ո՞րն է այս մշակույթին հասնելու ամենօրյա ճանապարհը․ նախ՝ աշակերտներն արդեն բացել են գրքերը, բոլոր անհրաժեշտ նյութերը բաշխված են․ երեխաները պատրաստ են սովորել։ Ընկեր Գաբրիելյանն ընթերցանության հերթական դասն է պլանավորել։ Ուսուցչի սեղանի վրա խնամքով դասավորված են օրվա պլանը, անհրաժեշտ նյութերի հավելվածները, իսկ էկրանին դասի վերնագիրն է՝ «Իմ երկրի երգը»։
Ընկեր Գաբրիելյանը դասն սկսում է բաց հարցով․ «Ի՞նչ է նշանակում երկրի երգը, ի՞նչ երգեր եք երկրի երգերը համարում, ի՞նչ երգեր եք սիրում և ինչո՞ւ»։ Քննարկումը տարբեր երգեր է վեր հանում՝ ամփոփելով երկրի երգի գաղափարն ու միացնելով Կոմիտասի կռունկը։ Աշակերտները լսում են մի հատված ու քննարկում երգի հետ կապված իրենց մտքերն ու զգացումները։
Ընկեր Գաբրիելյանը դասը պլանավորել է ընթերցանության ուսուցման վերևից ներքև եղանակով․ որպես ուսումն ապահովող նյարդաբանության սկզբունքներին իրազեկ ուսուցչուհի՝ նա զգալի ժամանակ է հատկացրել, մտածված քայլեր առանձնացրել դասի սկզբում բոլոր աշակերտների՝ թեմայի մասին հիմնարար տեղեկություններն ու հուզազգացական փորձը խթանելու նպատակով։
Բարեհաջող ընթերցանությունն ընկեր Գաբրիելյանի դասարանում այն ընթերցանությունն է, որը կարդալուց առաջ հուզազգացական ու իմացական ներգրավվածության նախապայմաններ է ստեղծում յուրաքանչյուր երեխայի համար։ Բարեհաջող ընթերցումն այստեղ հենվում է երեխայի կենսափորձի վրա, որպեսզի նոր տեքստի վերծանումը կապվի երեխայի կենսափորձի հետ, առանց որի անհնար է որևէ նոր բան հասկանալ։
Ընկեր Գաբրիելյանի դասարանում հավասարությունը դրսևորվում է որպես մտածված ու պլանավորված մանկավարժական գործընթաց, որտեղ համակարգային անհավասարության հիմնախնդիրն ունի պլանավորված լուծում․ բոլոր երեխաները պետք է հասկանան ու վերլուծեն նոր տեքստը, սակայն բոլոր երեխաները չունեն հիմնարար գիտելիքի նույն պաշարն ու հուզազգացական նույն փորձը հավասար ներգրավվածություն ունենալու համար։ Կան երեխաներ, ովքեր տասնյակ երգեր գիտեն հայրենիքի մասին, կան երեխաներ, որոնց համար այդ երգերը երգել են մանկությունից ի վեր և կան երեխաներ, որոնց համար չեն երգվել այդ երգերը, որոնց սիրելի երգերը երկրի երգերի հետ գուցե առնչություն չունեն։
Հետևաբար ընկեր Գաբրիելյանը ոչ միայն ակտիվացնում է առկա գիտելիքն ու փորձը, այլև առաջարկում երգի տարբերակներ, որոնք քննարկվում են և լրացնում թեմատիկ գիտելիքների ու փորձի պակասն այն երեխաների մոտ, ովքեր դրա կարիքն ունեն նախքան գրավոր տեքստի հետ երեխաների շփումը։
Երբ ցանկացած աշակերտի հարցնեք՝ րոպեում քանի՞ բառ է կարդում, փայլփլուն աչքերով ու հպարտությամբ կարող է հստակ թիվ ասել, քանի որ ընկեր Գաբրիելյանն առաջնորդում է աշակերտներին դասարանում դեպի կյանք, որտեղ վարժ ընթերցումն անկասկած նոր հնարավորությունների բանալի կդառնա։