Երկխոսություն լսում ենք ամեն օր, սակայն մի՞թե ցանկացած խոսք կամ զրույց երկխոսական է։ Կրթական երկխոսությունը այնպիսի հաղորդակցություն է, որտեղ երեխաները ոչ միայն պատասխանում են ուսուցչի հարցերին, այլ կիսում են իրենց մտքերը, լսում միմյանց, հիմնավորում, համաձայնում կամ անհամաձայնում, կարճ ասած՝ միասին մտածելով զարգացնում են տեսակետներ։

Ի տարբերություն ավանդական «հարց–պատասխան» ձևաչափի, որտեղ խոսքի մեծ մասը ուսուցչինն է, երկխոսական դասարանում խոսքը բաշխվում է երեխաների միջև, իսկ ուսուցիչը այդ գործընթացի կազմակերպողն է։
Հետազոտությունները ցույց են տալիս, որ նման միջավայրում երեխաները զարգացնում են իրենց բանավոր հաղորդակցման հմտությունները, մտածողության գործընթացները, ավելի վստահ են արտահայտվում և իրենց ավելի ընդունված են զգում համադասարանցիների շրջանում։
Ի՞նչ է զարգացնում երկխոսությունը դասարանում
Երկխոսությունը նպաստում է, որ երեխաներն
- արտահայտեն և զարգացնեն իրենց գաղափարները,
- սովորեն ուշադիր լսել ուրիշներին,
- բացատրեն իրենց մտքերը,
- համեմատեն տարբեր կարծիքներ,
- միասին ստեղծեն նոր միտք ու տեսակետ։
Սա հատկապես կարևոր է վաղ տարիքում, երբ լեզվական և սոցիալական հմտությունները զարգանում են փոխկապակցված ճանապարհով։
Ինչպե՞ս է ուսուցիչն աջակցում երկխոսությանը
Ուսուցիչը երկխոսությունը զարգացնում է ոչ թե երկար բացատրություններով, այլ խոսքային պարզ քայլերով, որոնք ուղղորդում են երեխաների մտածողությունն ու հաղորդակցությունը։ Ստորև՝ մի քանի պարզ քայլեր.
1. Կիսել և հստակեցնել մտքեր, զարգացնել գաղափարներ
Ուսուցիչն օգնում է երեխաներին խորացնել իրենց միտքը՝ հարցնելով․
- «Կարո՞ղ ես մի փոքր ավելին ասել …»։
- «Ի՞նչ ես ուզում ասել դրանով»։
- «Ճի՞շտ եմ հասկանում, որ…»
Այս քայլերը ցույց են տալիս, որ երեխայի միտքը կարևոր է և տալիս են մտածելու ժամանակ, որպեսզի մտքերը զարգանան։
2. Լսել միմյանց
Երկխոսությունը հնարավոր չէ առանց ուրիշներին լսելու։ Հետևաբար լսելը դառնում է դասարանային մշակույթի մաս, եթե հաճախ ենք հարցնում․
- «Ո՞վ կարող է կրկնել, ինչ ասաց Արմենը»։
- «Ի՞նչ լսեցիք/հասկացաք ձեր ընկերոջ խոսքից այս/այն երևույթի մասին»/
Սա երեխաներին սովորեցնում է ուշադրություն դարձնել ոչ միայն իրենց, այլ նաև ուրիշների խոսքին ու մտածել լսածի մասին։
3. Խորացնել մտածողությունը
Պարզ բան է թվում, որ «ինչ» հարցերից բացի, կարևոր են նաև «ինչու» հարցերը․
- «Ինչո՞ւ ես այդպես կարծում»
- «Մի՞շտ է այդպես լինում»
Այս հարցերն օգնում են երեխաներին պատճառաբանել և կապեր տեսնել։
4. Մտածել միասին
Ուսուցիչը կարող է զարգացնել համագործակցային մտածողություն՝ հարցնելով․
- «Համաձա՞յն ես Անուշի հետ, ինչո՞ւ»։
- «Ո՞վ կարող է հավելում անել այս գաղափարին»։
- «Ո՞վ կարող է բացատրել ընկերոջ միտքն այնպես ինչպես ինքն է հասկացել»։
Այստեղ կարևոր չէ «ճիշտ պատասխանը», այլ մտածելու գործընթացը։
5. Խոսել խոսքի մասին (մետահաղորդակցություն)
Երբեմն արժե կանգ առնել և մտածել հաղորդակցության մասին․
- «Հասկանո՞ւմ ենք միմյանց»։
- «Ի՞նչ է նշանակում լսել միմյանց»։
- «Ինչպե՞ս կուզենայիք լսել/լսված լինել դասարանում»։
- «Ինչո՞ւ է կարևոր լսել ընկերոջը»։
Սա երեխաներին օգնում է գիտակցել, թե ինչպես են իրենք շփվում։
Մտածելու հարցեր
- Ո՞վ է ավելի շատ խոսում Ձեր դասարանում։ Դո՞ւք, թե երեխաները։
- Երեխաներն ինչպե՞ս են արձագանքում միմյանց խոսքին։
- Ի՞նչ հարցեր եք ավելի հաճախ տալիս՝ «ի՞նչ», թե՞ «ինչու»։
- Ի՞նչ փոքրիկ քայլեր կարող եք փորձել հաջորդ դասին երկխոսությունն ամրապնդելու համար։
Փոքր քայլերը մեծ փոփոխությունների սկիզբն են
Երկխոսությունը չի ստեղծվում մեկ օրում։ Այն ձևավորվում է փոքր, բայց շարունակական քայլերով։ Երբ ուսուցիչը վստահում է երեխաների մտածողությանը և տեղ է տալիս նրանց խոսքին։ Այդ պարագայում դասարանը դառնում է մտածող, լսող և համագործակցող համայնք։
Նյութը մշակվել է հետևյալ հոդվածի հիման վրա.
Վան դեր Վեեն, Չ․, վան դեր Վիլտ, Ֆ․, վան Կրոյստում, Կ․, վան Օերս, Բ․, Մայքլս, Ս․ (2017)։ MODEL2TALK․ միջամտություն՝ դասարանում երկխոսությունը խթանելու համար։

0 Comments