Զարգացած ընթերցանության հմտությունները երեխաների գրագիտության ու կրթության իրավունքի կարևոր հիմնաքարերն են, քանի որ ընթերցանությունը գործիք է, որի միջոցով երեխան հասանելի է դարձնում կրթական ծրագրերի բովանդակության առյուծի բաժինը։
2012-ին իրականացված ընթերցանության մշակույթի ուսումնասիրությունը Հայաստանում ցույց է տալիս, որ երիտասարդների 44 %-ը հենց միջին դպրոցն է համարում որպես ընթերցող ձևավորվելու ժամանակն իր կյանքում։ Մասնակիցների ընդամենը 6 % ն է փաստում, որ իբրև ընթերցող ձևավորվել է ավագ դպրոցում։ Փաստորեն երեխաներն ու դեռահասները որպես ընթերցող կայանալու ռիսկային խմբում են, քանի որ միջին դպրոցի ավարտին ընթերցել չսիրող դեռահասը միջին դպրոցից հետո ընթերցող դառնալու քիչ հնարավորություն ունի։
Կրթության միջազգային օրվան ընդառաջ՝ «ՆորԱրար» կրթական ՀԿ-ի «Ընթերցանության արշավային ծրագրի» Լոռու մարզի 14 հիմնական դպրոցների մանկավարժների համայնքն իր շաբաթական հանդիպումն ունեցավ Vanadzor Technology Center – VTC-ում՝ այս անգամ դեմ առ դեմ ձևաչափով։ Համայնքը քննադատական անդրադարձ կատարեց ընթերցանության ըմբռնմանը նվիրված 3-րդ շաբաթվա նյութերին։ Մանկավարժները վեր հանեցին դպրոցների իրավիճակային, համատեքստային գործոններն ու նախապայմանները, որոնց առկայության դեպքում ներկայացված ռազմավարություններն ու մեթոդները կարող են արդյունավետ կիրառվել հայկական դպրոցների իրականության մեջ։
Ունենալ սովորող ուսուցիչներ նշանակում է ունենալ սովորող դպրոցներ․ միայն սովորելու կարողունակության համակարգային զարգացումը կարող է հանգուցալուծել կրթական արդյունքի առկա ճգնաժամն աշխարհում։
«Ընթերցանության դասավանդման զարգացման արշավային ծրագիրն» իրականացվել է Եվրոպական միության ֆինանսավորմամբ և «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության կողմից իրականացվող «Քաղաքացիական հասարակության դերակատարները՝ որպես փոփոխությունների կրողներ Հարավային Կովկասում և Մոլդովայում» ծրագրի շրջանակներում: