2023 թվականի մարտի 4-ին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում տեղի ունեցավ «ՆորԱրար» ՀԿ-ի կողմից իրականացվող, արդեն աշակերտական շարժումի վերածված «Կարդա՛» կոնֆերանսը, որը կրում էր «Կարդալով ենք հաղթելու» խորագիրը։ Կոնֆերանսին մասնակցեցին 7 տասնյակ աշակերտներ 7 դպրոցներից, ինչպես նաև ուսուցիչներ, հյուրեր։
«Կարդա՛» կոնֆերանսին նախորդած ամիսների ընթացքում 7 դպրոցների 100-ավոր աշակերտներ ներգրավված են եղել գրքերի ընթերցանության ու դրանց շուրջ ծավալված խմբային քննարկումներում, որոնց արդյունքում ձևավորել են ընթերցելու նկատմամբ սեր. որոշ դպրոցներում նաև զարգացրել նախաձեռնողականություն և մոտիվացիա՝ փորձելով տարրական դպրոցի աշակերտներին ևս ներգրավել ընթերցասերների շարքերը։
Կոնֆերանսի ընթացքում աշակերտներն ունեցան հնարավորություն ծանոթանալու և լսելու պանելային քննարկման հյուրերի՝ ընթերցանության անցած ուղիների մասին՝ սովորելով․ Թենի Ավակյանից, Նվարդ Մինասյանից, Էրիկ Կաշյանից ու Լեւոն Չուկակլյանից։
5-9-րդ դասարանի աշակերտները միմյանց ներկայացրին իրենց ընտրած ստեղծագործությունները տարբեր ձևաչափերով․ սահիկաշար, տեսանյութ, բեմականացում, ինտերակտիվ շփում և նույնիսկ քիմիական փորձեր։ Նրանք ներգրավվեցին թիմային աշխատանքներում՝ միավորելով տարբեր դպրոցների աշակերտների հետ միևնույն թիմերում (Մահկանացուների, Պայծառամիտների, Ֆանտաստիկների…). քննարկեցին ընտրված ստեղծագործությունները «Բոնոյի գլխարկներ» մեթոդով։ Միաժամանակ թիմերը մրցեցին միմյանց հետ՝ պատասխանելով ստեղծագործությունների հիման վրա ձևակերպված փակ հարցերին։
«Կարդայի» ազդեցությունը սկսվում, բայց չի ավարտվում միայն սրանով․ որոշ դպրոցներում «Կարդայի» շրջանակում նախատեսված գրքերը դառնում են աշակերտների ցանկալի ծննդյան նվերները և հետ բերում մոռացված հին ու բարի միմյանց գիրք նվիրելու մշակույթը։
Շնորհակալություն դպրոցի ուսուցիչներին և բոլոր աշակերտներին՝ ընթերցանությունը տոն դարձնելու համար․ «Կարդալով է, որ հաղթելու ենք»։ Շնորհակալ ենք Գրադարակ Գրադարաններ ՀԿ / Gradarak Libraries NGO՝ դպրոցներին անհրաժեշտ գրքերը տրամադրելու համար։