Փոստ 40
Գրագիտության հիմնախնդիրն ու լուծումները բազմազան են․ համընդհանուր գրագիտության հասնելու կարևոր նախապայմաններից մեկն էլ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք (ԿԱՊԿ) կամ կարդալու առանձնահատուկ դժվարություններ ունեցող աշակերտներին տրամադրվող աջակցությունների որակի շարունակական զարգացումն է, որի շուրջ «ՆորԱրար» կրթական ՀԿ-ն և Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնը
ստորագրեցին համագործակցության հուշագիր։
Հուշագրի շրջանակներում Լոռու մարզի ծրագրում ընդգրկված դպրոցների ուսուցիչներն ու Վանաձորի և Ալավերդու Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների (ՏՄԱԿ) մասնագետները մասնակցեցին վերապատրաստման դասըթնացների և ստացան շարունակական մասնագիտական աջակցություն «ՆորԱրար» կրթական ՀԿ-ից՝ ԿԱՊԿ և կարդալու նկատելի դժվարություններ ունեցող աշակերտների համար թիրախային միջամտություններ պլանավորելու և կիրառելու նպատակով։
Ուսուցիչների, ուսուցչի օգնականների ու ՏՄԱԿ-ներից ներգրավված մասնագետների աշխատանքային խմբերը քննարկել են յուրաքանչյուր երեխայի ընթերցանության խնդիրները, գնահատման արդյունքները, լուծումներն ու զարգացման միտումներն առանձին-առանձին՝ ընդլայնելով երեխաներին տրվող ընթերցանության աջակցությունների որակը։ Այս պիլոտային ծրագիրը «ՆորԱրար» -ի՝ ավելի վաղ մեկնարկած «Ընթերցանության արշավային ծրագրի» բաղադրիչներից էր․ «Ընթերցանության արշավային ծրագիր»-ն իրականացվել է Եվրոպական միության ֆինանսավորմամբ և «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության People in Need Armenia կողմից իրականացվող «Քաղաքացիական հասարակության դերակատարները՝ որպես փոփոխությունների կրողներ Հարավային Կովկասում և Մոլդովայում» ծրագրի շրջանակներում: