2022-ի դեկտեմբերին մենք նորից մեկնարկեցինք «Օգնի՛ր կարդալ» ծրագիրը Լոռու մարզի ևս 10 դպրոցներում, որի նպատակն է զարգացնել գործընկեր դպրոցներից ներգրավված ուսումնական գծով անձնակազմի և Վանաձորի ու Ալավերդու ՏՄԱԿ-ների կարողունակությունները փոխադարձ համագործակցության ու ընթերցանության ներառող դասավանդման միջոցով, որի կենտրոնում կարդալու դժվարություններ ունեցող աշակերտների ընթերցելու հմտությունների զարգացումն է։
Տեղեկատվական հանդիպման ընթացքում տնօրենների, փոխտնօրենների, դասվարների, հայոց լեզվի և գրականության ուսուցիչների, ուսուցչի օգնականների ու ՏՄԱԿ-ների մասնագետների հետ կազմակերպվեցին ֆոկուս խմբային քննարկումներ հիմնարար գրագիտության հիմնախնդրի պատճառների ու լուծումների մասին։ Ներգրավված կողմերը վեր հանեցին իրենց դժվարությունները, հնարավորություններն ու դերը՝ որպես հիմնարար գրագիտության առաջնորդության կրողներ իրենց դպրոցներում։
«Մենք այնքան ենք լցված այս ամենով, այնքան խորն ենք ընկղմված գրագիտությանն առնչվող հարցերի մեջ, որ ամենօրյա մեր աշխատանքում դժվար թե առանձնացնեինք ընթերցանության հիմնահարցը՝ որպես առանձին խնդիր»․- նշեց Արջուտի դպրոցի տնօրեն տիկին Մեսրոպյանը։
Վանաձորի 21-րդ դպրոցի տնօրեն Աղասի Թովմասյանն ընդգծեց բոլոր երեխաներից բարձր ակնկալիքներ ունենալու անհրաժեշտությունն անկախ ընտանիքների սոցիալ-տնտեսական կարգավիճակից՝ միաժամանակ նշելով, որ ծրագիրն սկիզբ կդնի նոր ուսուցչական համայնքի, որը կդառնա դրական փոփոխությունների կրողն ու տարածողը։
«Օգնի՛ր կարդալ» ծրագիրն այս փուլում իրականացվեց «Հովնանյան ընտանեկան հիմնադրամի» մասնակի ֆինանսավորմամբ։ Ծրագիրն իրականացվում է Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի հետ և ՏՄԱԿ-ների անմիջական ներգրավմամբ։